Վերադառնալ
07.03.2024

Կրթահամալիրի ներկայացուցիչը Բելգիայի Թագավորության դաշնային ոստիկանությունում և Եվրոպոլում

Կրթահամալիրի ներկայացուցիչը Բելգիայի Թագավորության դաշնային ոստիկանությունում և Եվրոպոլում

   Փետրվարի 27-ին Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի, Ուկրաինայի ներկայացուցիչները ճանաչողական այցով հյուրընկալվել էին Բելգիայի Թագավորության դաշնային ոստիկանության քրեական վերլուծության վարչությունում։ Կրթահամալիրից մասնակցում էր ուսումնամեթոդական և զարգացման վարչության միջազգային համագործակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Կարինե Սաֆարյանը։

   Քրեական վերլուծության վարչության ռազմավարական վերլուծաբանները ներկայացրին, թե ինչպես է Բելգիայի ոստիկանությունում իրականացվում ռազմավարական վերլուծությունը, վերլուծաբանների հավաքագրման փուլերը, վերապատրաստման դասընթացները, վերլուծություններ կատարելու համար օգտագործվող ծրագրային ապահովումները։

   Խորքային ներկայացվեց Բելգիայում 2023թ․ ընթացքում փոստային և միջազգային առաքումների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ կատարված վերլուծությունը։

   Այցի մասնակիցներից Կ․ Սաֆարյանը հանդես եկավ երկու ելույթով։ Առաջին ելույթը վերաբերում էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ  կազմակերպական վարչության կազմակերպաիրավական և վերլուծության բաժնի կառուցվածքին և գործունեությանը։ Երկրորդ ելույթը CEPOL-ի TOPCOP ծրագրի 3-րդ բաղադրիչի (Տարածաշրջանային սպառնալիքների գնահատում և հատուկ աջակցություն) շրջանակում ծրագրի մեկնարկից ի վեր կատարված աշխատանքների մասին էր։

   Աշխատանքերը շարունակվեցին Հաագայում տեղակայված Եվրոպոլի կենտրոնակայանում։ Մասնակից երկրների ներկայացուցիչները համատեղ աշխատեցին նախանշված հանցավորության ութ ուղղություններից վերջին երեքի՝ կիբեռհանցավորության, զենքի ապօրինի շրջանառության և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ զեկույցի նախագծի մշակման վրա։ Երկրների կողմից ներկայացված նշված ուղղություններով վերլուծությունները համադրվել և սինթեզվել են՝ դուրս բերելով հիմնական եզրահանգումները։ Դրանք վերաբերում են տարածաշրջանում հանցագործությունների հետագա շարժընթացի միտումներին, հանցագործության կատարման համար անհրաժեշտ ռեսուրսների հասանելիությանը, հանցագործների գործելաոճին, հանցագործությունների կատարման վրա տեխնոլոգիաների ազդեցությանը, միջազգային հանցավոր խմբերին, այլ հանցագործությունների հետ փոխկապակցվածությանը և իրավապահ մարմինների արձագանքին։